
285 դիտում
Հանկարծակի ուշաթափություն. ե՞րբ է պետք անհանգստանալ:
Հարցին անդրադարձել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի նյադաբան Լուսինե Վարդանյանը:
Հանկարծակի ուշաթափությունը (սինկոպե) գիտակցության կարճատև կորուստ է, որը պայմանավորված է գլխուղեղի ընդհանուր արյունամատակարարման ժամանակավոր կտրուկ նվազումով։ Սինկոպեն մեկ ախտորոշում չէ, այլ համախտանիշ, որը կարող է հանդիպել տարբեր իրավիճակներում։ Հաճախ այն առաջանում է կյանքի համար վտանգ չներկայացնող պատճառներով և կարող է կապված լինել հոգնածության, սթրեսի, երկարատև կանգնած դիրքով մնալու, ջրազրկման կամ ցածր զարկերակային ճնշման հետ։
Սակայն յուրաքանչյուր ուշաթափություն ուշադրության է արժանի, քանի որ որոշ դեպքերում այն կարող է վկայել առողջական լուրջ խնդիրների մասին։
Կրկնվող ուշաթափությունների ժամանակ մեծ է նաև տրավմաներ ստանալու հավանականությունը։
Անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, եթե ուշաթափությունը տեղի է ունեցել ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում, դրան նախորդել են սրտխփոց, կրծքավանդակի ցավ կամ շնչահեղձություն, ուշաթափությունից հետո առկա են խոսքի, շարժումների կամ տեսողության խանգարումներ, եղել են ցնցումներ, ուշաթափությունը կրկնվում է, դեպքը տեղի է ունեցել առանց ակնհայտ պատճառի։
Ինչո՞ւ դիմել նյարդաբանի:
Ուշաթափության դեպքերի մեծ մասը կազմում են այսպես կոչված նյարդային համակարգով միջնորդավորված սինկոպեները, որոնք բնույթով բարորակ են և կյանքի համար վտանգ չեն ներկայացնում։ Սակայն անհրաժեշտ է տարբերակել հասարակ ուշաթափությունները էպիլեպտիկ նոպաներից, գլխուղեղի արյան շրջանառության խանգարման դրվագներից, ինչպես նաև բացառել ոչ նյարդաբանական պատճառները։
Նյարդաբանի խորհրդատվության և անհրաժեշտ դեպքերում լրացուցիչ հետազոտությունների շնորհիվ հնարավոր է պարզել ուշաթափությունների պատճառը, ստանալ համապատասխան խորհուրդներ և բուժում։